Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին

ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը համակարգում է ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները: Հաշվի առնելով հասարակական լայն շրջանակների հետաքրքրությունն ազգային փոքրամասնությունների և կրոնական կառույցների գործունեության վերաբերյալ, բաժնի և վերոհիշյալ մարմինների մասին տեղեկատվությունը ներկայացնում ենք որպես առանձին բաժին:

 1. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի գործունեության ոլորտները՝

ա) ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր,
բ) կրոնի ու խղճի ազատությանն առնչվող հարցեր:

2. Բաժինը՝

1) իրականացնում է ազգային փոքրամասնություններին, կրոնի ու խղճի ազատությանն առնչվող` կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրություն կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է մասնագիտական փորձաքննություն, տալիս է համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ.

2) նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութերն ու տեղեկանքները, իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած տեղեկատվության ամփոփումն ու վերլուծությունը և ներկայացնում աշխատակազմի ղեկավարին.

3) հսկողություն է իրականացնում իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ.

4) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր.

5) կազմակերպում կամ մասնակցում է աշխատակազմ մուտք գործած՝ ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերին վերաբերող բոլոր տեսակի առաջարկությունների կամ խնդիրների լուծման նպատակով կազմակերպվող քննարկումներին.

6) իրականացնում է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի գործունեության կազմակերպչական աշխատանքները.

7) իրականացնում է պարբերական հանդիպումներ ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների հետ և զեկուցագրեր պատրաստում իրավիճակի և բացահայտված խնդիրների մասին, մասնակցում նրանց միջոցառումներին.

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող գումարի բաշխման նախապատրաստական աշխատանքները, նախապատրաստում դրամաշնորհային պայմանագրերը, հավաքում ազգային փոքրամասնությունների ՀԿ-երի կողմից սույն գումարի օգտագործման մասին հաշվետվությունների հավաքումն ու ամփոփումը.

9) իրականացնում է www.gօv.am պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրումն ու թարմացումը: