Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության` ԱՃԹՆ-ի մասին
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ-EITI) համաշխարհային ասոցիացիա է, որի կողմից սահմանվող Ստանդարտը խթանում է բնական ռեսուրսների բաց և հաշվետու կառավարումը՝ օգտակար հանածոների արդյունահանման ոլորտներում։
2026 թ. դրությամբ ԱՃԹՆ-ին անդամակցում են 55 պետություններ, ինչը վկայում է նախաձեռնության գլոբալ նշանակության մասին։
ԱՃԹՆ միջազգային ասոցիացիայի կառավարումն իրականացնում է ԱՃԹՆ-ի Խորհուրդը, որը կազմված է անդամակից երկրների, աջակցող երկրների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած Խորհուրդը: Նախաձեռնությանը միացած յուրաքանչյուր երկրում ԱՃԹՆ-ի Ստանդարտի կիրառումը վերահսկվում է այդ երկրի կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոալիցիայի՝ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) միջոցով:
ԱՃԹՆ Ստանդարտը պահանջում է բացահայտել և հրապարակել բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա՝ երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր հիմնական տեղեկությունները, մասնավորապես՝ ինչպես են տրամադրվում և գրանցվում ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվություններն ու պայմանագրերը, ովքեր են այս գործընթացների շահառուները, ինչպիսին են ֆինանսական և իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, ինչքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվում այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովվում տնտեսության մեջ՝ ներառյալ զբաղվածության աճը։ Ստանդարտը պարբերաբար վերանայվում է՝ ձգտելով արտացոլել բնական ռեսուրսների կառավարման ոլորտի նոր մարտահրավերներն ու փոփոխությունները։ Ներկայումս գործող ԱՃԹՆ վերջին վերանայված՝ 2023 թ. Ստանդարտը ընդլայնել է իր պահանջները՝ ներառելով դրանցում ընկերություններում հակակոռուպցիոն ընթացակարգեր ունենալու անհրաժեշտությունը, էներգետիկ անցման ազգային պարտավորությունների, քաղաքականությունների և ծրագրերի հրապարակումը, հաստատված պաշարների բացահայտումը, ջերմոցային գազերի արտանետումների տվյալները, գենդերային և սոցիալական ազդեցության վերաբերյալ տվյալներ և այլն։
ԱՃԹՆ-ին Հայաստանի անդամակցությունը
Հայաստանը ԱՃԹՆ-ին միացել է 2017թ. մարտի 9-ին: Բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարումը խթանող նախաձեռնությանը՝ ԱՃԹՆ-ին միանալու որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է որպես Բաց կառավարման գործընկերության ծրագրի հանձնառություն և որպես ոլորտի պետական կառավարման թափանցիկությունը, դրանում գործարար հատվածի և քաղաքացիական հասարակության մասնակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը խթանելու միջոց: Հայաստանում ԱՃԹՆ-ի գործընթացի վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի ԱՃԹՆ-ի 15 հոգուց բաղկացած բազմաշահառու խումբը, իսկ վարչարարությունը՝ ԱՃԹՆ-ի հայաստանյան քարտուղարությունը՝ ազգային համակարգողի գլխավորությամբ:
Նախաձեռնության մասին մանրամասն կարելի է ծանոթանալ ԱՃԹՆ-ի հայաստանյան պաշտոնական www.eiti.am կայքում։